суббота, 23 октября 2010 г.

Կաթիլի ու ականջների մասին

    Թաց կավի հոտ: Մերկությունը մի կերպ ծածկող վարդագույն  շորը  արդեն վաղուց վարդագույն չէ: հողե աղջիկ:Փլված արվեստանոց: Տուն:
Ծորակի ջուրը  լավ չի փակել: Կաթիլը դանդաղ, ամոթխած դուրս է նայում, ամուսնու դեմքը երկարում է, քիթն ու ականջները ձգվում- մեծանում են:
Կաթ…
Երկար ականջները ընկան կեղտոտ գդալին ,  հետո սահեցին չլվացված ամաններին   ու կորան անթիվ բաժակների  մեջ: Իսկ նա դեռ գոռում է , չգիտի, որ ամանջներն այդքան երկար են, որ երեխաներն արդեն քնել են, որո վառարանում փայտ չկա, որ կեղտոտ ամաններն արդեն չորանում են:
Մի ուրիշ կաթիլ: Հետո մյուսը: Մոխրագույն բառեր: Քնած երեխաների աղմուկ: Հայելին կոտրվեց:Փոքրիկ ոտքերը հագան  ծաղկավոր կոշիկները: Բեղավոր ամուսնու աղմուկ: Ամեն անգամ կգոռա, ինքը կհեռանա, հետո կլացեն ինքը փողոցում, ամուսինը տանը…կրկնվող, ամենօրյա կաթիլ է: Փոքրիկ ձեռքի երակներն արդեն տեսանելի  են թափանցիկ մաշկի տակից, երեկվա ընկույզի, կոտրած օղու շշի, բեղավորի թողած կապտուկների հետքերը կաթիլի մեջ ավելի սարսափելի են, միգուցե գդալները հասկանան: Փոքրիկ, ակպույտ երեխաները մնացին աղմուկի մեջ: Կոտրված անձրևանոցն ու մաշված կոշիկները լքեցին բեղավորին:
Քանդված կտորներից անձրևը լցվում է կապույտների վրա: Հեռագրասյուներն ավելի են երկարում, մեքենաների լույսերը պղտորվում  ու խառնվում են տանիքներին: Մեծ աչքերի մեծ կաթիլները չլվացված գդալներ են փնտրում: Անձրևանոցի մի թևը պոկված է, պատից լիմոնի հյութ է  հոսում ու գրգռում հոտառությունը, մրջունները կծմծում են  քթարմատը: Ձեռքերը  ջղաձգվում են. կավի կարիք ունեն, փոքրիկ մատները  սկսում են հունցել ծիրանագույն ցեխը, մոռանալ  բեղերը, կեղտոտ գդալները: Կապույտ ճկույթներ, փոքրիկ  նորածին, դեռ կաթոտ կնճիռներ…
_ Ես էլ իմացա թե ես քեզ կորցրել եմ
Երկու թաց ձիթապտուղ տեսավ փոքրիկ ձեռքերը` մի վառարան ցախով լի:

пятница, 1 октября 2010 г.

Թավջութակ

Վիլյամ Սարոյանին էին լվանում: Մի գիրուկ կին  ջրի  շիթը պահել էր ուղիղ նրա դեմքին: Հետո հանգամանորեն իջավ մինչև կոշիկների ծայրը:
Նա կանգնած է դեմ դիմաց: Նա` արտսովոր քթով, տարօրինակ հին  կոշիկներով ու դեմքի մի այնպիսի  արտահայտությամբ, որ  երեխաների  ուշադրությունն է գրավում: Ուսին ամբողջ շուքով փռվել է տիրական թավջութակը: Այդ արքայական  գործիքը ափսոսում է նվագել  անցորդներից մուրալու համար: Կանգնել է…քայլում է…տուն…մի տուն լիքը երեխա ու թավջութակ…բազմոցին փռված հայր…մի բանակ բարեկամներ: Փակվում է սենյակում, ամբողջ կրքով համբուրում , շնչում ու արտաշնչում գործիքը
_փող բերել ես ,- հայրն է
_չէ
_բա էդ փետի կտորը ինչի էիր հետդ տարել
Երեսունվեց ականջ ածիլու պես սրված սպասում էր ու երեսունչորս աչք / հորեղբայրը կույր էր/ նայում էր սենյակի դռանը…հեծկլտոց…թավջութակի թագավորական նվվոց…
Ընկույզի փայտից պատրաստված գործիքը սեր էր բուրում ու արտասովոր քթով  ստվերը խենթանում  էր այդ սիրուց…
Բռնակն իջավ ու կոշիկները հանեցին նրան խցից:
Անատամ տատի միս ուտելու ճպճպոցը ցրում էր հասուն թարախապալար հիշեցնող լռությունը
_հիմար քեռի ես…
                                                    ***
Նրա փեշը նազանքով վերցնում  էր գետնից փոշին ու լցնում բաց ոտքերին: Մեջքը համաչափ շարժելով, հացի տոպրակն ուսին  գնում էր: Արցունքը գլորվելով ընկավ քաղաքի փոշու վրա: Ոտքերը ցեխոտվեցին: Նրանից խակ ընկույզ էր բուրում:
                                                          ***

Հիմար քեռին  ամեն օր այգում պաշտում էր ամեն  մի լարը, քիթը իջեցնում, որ անցորդները գումար չտային, ու երեսունվեց ականջ ամեն օր լսում էր. չէ
_Գնա գործարան, կոշիկ կկարես
_Թավջութակս
_Գրողի ծոցը  էդ փետի կտորը, կոշիկ կկարես
_Հայրիկ, խնդրում եմ
_վերջացրինք..
Գիշերը ընկույզի հոտը արցունքի  խոնավությունից խեղդելու չափ լցրել էր խուցը
Դուռը բացվեց: մեծ փոր, հետո միս կտրելու կացին…մի ալարկոտ հարված ու սիրելիի ճրթոցից վեր թռավ…
Կոշիկի գործարան…սոսինձի ընկույզին հակառակ հոտ ու սևացած, երկար մատներ:
Մեծ բակում նրա քայլվածքի առանց ռիթմի թրխկոցը բոլորը ճանաչում են:Սոսնձոտ մատներով ստվերը առաջ է գնում:
….Արքայական գործիքը ամբողջ շուքով փշուր-փշուր է եղել բակով մեկ: Փայտի կտորներից մեկի վրա` երեկվա հետքերը
                                              ***
 Ուսից կախ հացի տոպրակը ռիթմիկ խփելով մեջքից շատ լայն կոնքերին, փոշը համբերատար հավաքում է քաղաքի փոշին  ու շաղ տալիս ոտքերին:
Խակ ընկույզի բույր…խոր ընկած աչքերը կարոտով ու քնքշությամբ թեքվեցին…թավջութակը` հացի տոպրակն ուսին ու երկար փեշով…

среда, 22 сентября 2010 г.

Ընտանիք

_ Դու որտե±ղ էիր ապրում
_Կալիֆոռնիայում, իսկ դո±ւ:
_ Ես, ես նույնիսկ չգիտեմ, ապրում էի այնտեղ, որտեղ ինձ դուր էր գալիս: Ես ուզում էի մի լավ բան անել, ու լավ բան անելու ցանկությունից համբուրում էի մարդկանց…ահա այստեղ եմ…
_Համբուրելը լավ է…
_ Ծովը գեղեցիկ է…
_Դու ընտանիք ունե±ս
_ Ի±նչ է ընտանիքը
_Ընտանիքը, երբ ցավում են որ այստեղ ես, երբ սպասում են…
Նա սկսեց լաց լինել, թնկթնկալ երեխայի պես
_ Ի±նչ պատահեց
_Իմ խեղճ Բոբի: Նա երևի մեր ծառի տակ ինձ է սպասում, իմ խեղճ, իմ խեղճ,- լացը խեղդեց բառերը ու շարունակեց նա երեխայի պես լալ,- իմ խեղճ բարեկամ, իմ խեղճ…
_ Բոբին քո ընտանի±քն էր
_Բոբին միակն էր, ում համբուրում էի ու չէր ուզում որ դրա համար այստեղ ընկնեմ: Միգուցե նա ինձ չէր սիրում, գուցե չի էլ սպասում, բայց նա միակ ընտանիքն էր, որ ունեի: Իմ խեղճ Բոբի…
_Ճիշտ է, ծովը գեղեցիկ է:
_Իսկ դու չե±ս պատմի քո ընտանիքի մասին
_Չգիտեմ…չկա..ես էլ էի ուզում ընտանիք ունենալ, բայց ոչ մի ընտանիք չգտա: Իսկ մարդիկ Կալիֆոռնիայում ինձ չեն սիրում, բայց հավատա, ես նրանց սիրում եմ ավելի քան կարող եմ:
_Դու կունենաս ընտանիք, ես համոզված եմ:
_Գիտես, իմ քաղաքի մարդիկ միշտ այս օրը ծաղրում էին ինձ ու ասում, որ այսօր իմ ծնունդն է: Ես ամեն տարի այսօրը ինձ ավելի տխուր էի զգում, որովհետև նրանք չափից ավելի էին խոսում իմ մասին ու հանդիսավոր նշում ընկեցիկի ծնունդը…
±նչ է ծնունդը
_Ծնունդը այն ժամանակն է, երբ դու ծնվել ես:
_Ծնվե±լ ես: Ե±րբ ես ծնվել
_Ծնվելուդ ժամանակ:
_Դու այսօր ծնվե±լ ես
_Ես չգիտեմ, ես ոչինչ չգիտեմ աշխարհում:
±նչ են անում ծնունդին;
_Համբուրում են ու նվեր տալիս:
… Տիրեց երկար մի լռություն, որի խոր մթության մեջ երկու դեմք նայում էր հոգեբուժարանի ճերմակ պատերին ու մտածում…
_Ծովը շատ գեղեցիկ է:
_Ես մտածեցի:
±վ...
_Իսկապես ծովը գեղեցիկ է, ու քանի որ այսօր այն օրն է, երբ դու ծնվել ես, այսինքն քո ծնվելու օրը, ու քանի որ ծննդյան օրը արդիկ համբուրում են իրար ու նվեր տալիս, ես ուզում եմ որ դու լինես իմ ընտանիքը, ուզում եմ, որ սիրես ինձ այնպես, ինչպես Բոբին: Ես ընտանիք եմ նվիրում քեզ, ամենաիսկական ընտանիք, համաձա±յն ես:
…Երկու աշխարհից լքված դեմք ժպտում էր ամենաուրախ ժպիտով ու լալիս ամենատխուր արցունքներով:
Իսկ ծովն իսկապես գեղեցիկ էր….

вторник, 7 сентября 2010 г.

Արևային

Արևը իջավ:
Քո լուսավոր աչքերից արև է կաթում:
Ստվերս շոյեց ժպիտդ ու անցավ:
Քո ուժեղ աչքերից արև է կաթում:
Արևը քնեց հորիզոնում:
Իմ ստվերը թող գա քեզ հետ,
որ քեզ հետ արթնանա իմ արևը..
Իմ աչքերի կապույտ կաթիլները կարոտ են քո աչքերի լույսին:
Երազում քո ստվերը շոյեց ինձ ու անցավ` թողնելով ինձ կապույտին…
Իմ մայրամուտը քեզնով ավարտվեց, բայց արևագալս` չգիտեմ….

четверг, 2 сентября 2010 г.

Վայ, մայրիկ ջան, տես...

Պատուհանից ամպերի կույտ է երևում:

Վայ, մայրիկ ջան, տես,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ թիթեռ է գալիս…

Կարմիր կոշիկներ: Աջի վրա զարդ /ձախինը պոկվել է/: Կոշիկի մեջ սեփական տուփից խնամքով կտրված ստվարաթղթեր, որոնք արդեն խոնավ են: Բերանը բաց ու կնճռոտ: Մութ սենյակում թվում է, թե ծիծաղում է իմ խեղճ ոտքերի վրա:

Վայ մայրիկ ջան…

Դուռը շրխկաց, վազեցի համբուրելու: Ծակծկող համբույրից հետո տխուր ու հուսահատ, խորքում մի քիչ խոնավ աչքերը իջան… կոշիկի դարակից հնազանդ շնիկի պես հողաթափերը հանեցի, կարմիր ու անզարդ ժպտացի ու նորից …
Մի տեսակ վախենում եմ իմ կոշիկի համար, խորքում խոնավ աչքերի համար, անյուղ ճաշերի ու վառարանին դրված կաթսայի համար: Վառարանին, որի վրա ամեն օր երկար արարողության նման հալեցնում եմ անցյալ տարիներից հավաքված շոկոլադի թղթերը: Ամեն օր տարբեր: Ամեն օր մի հատ: “Սկյուռիկինը” կապույտ բոցով վառվեց, “щкольник”-ը կծկվեց ու չորացավ: Երկար մտածում եմ ամեն մեկի վախճանն առանձին հիշելով:
Իսկ դպրոցում արհեստական արագ քայլվածքով ու թաքցրած ձեռքերով մեկուսացած գերազանցիկ: Ում են պետք շոկոլադի թղթերով փաթաթված երազներդ, երբ ձախ կոշիկիդ զարդը չկա:
_Կոշիկդ պոկված ա…
_ Վայ, իսկապես, նոր նկատեցի,- ստեցի ես ու հիշեցի անաշխատավարձ աչքերը ու ու ամաչեցի ստելուս ու ամաչելուս համար

Աստղերը տեղափոխվում ու նոր կոշիկի ձև են ստանում: Աչքերս չեն փակվում. Վաղը կոշիկ ենք առնելու: Սենց օրերին տունը հրճվանք է ու կաթսան ավելի եռանդով է կլթկլթում, ճաշն ավելի կարմիր էր ու առատորեն… տաքացրած:
Ափսոսում եմ իմ խեղճ “կիսազարդավորների” համար ու ժպտում հաճույքից: Հիշում եմ անցած-գնացած կոշիկներս, շնորհակալ ժպիտով ուղեկցում նրանց ուղեղիցս ու թողնում միայն նորի երազը:
Առավոտը` նոր կոշիկ , որոնք ես սիրեցի նախորդ կարմիրից շատ, որովհետև ստիպված չէի զգույշ, դողալով, բայց արագ քայլել:
Վաճառողուհու տաք փափուճներով աղջիկը գաթա էր ուտում ու տիրաբար նայում դեռ չգնած կոշիկիս: Իսկ ես ամեն անգամ ուրախությունից չեմ նկատում, որ կոշիկը փոքր է:

***
Բանկոմատից փողը դուրս ցատկեց ու ստիպեց նորից հիշել նոր կոշիկ առնելու մասին:
Հրճվանքից ձեռքերս դողում են, հուզմունքից աչքերս խոնավանում : Այլևս զարդով կոշիկ չեմ գնում, որ չպոկվեն: Թանկ գորովանքով ծանրութեթև եմ անում ամեն կարը ու խնամքով տեղը դնում: Նույն գաթայոտ աչքերը զուսպ հետևում են: Ընտրեցի, հագա, մանկական հրճվանքով քայլեցի սրահով մեկ ու վճարեցի:
Տանը կլթկլթան կաթսայի պակաս կա: Թանկարժեք գազօջախի վրա իմ ոչ մի կաթսա ճիշտ չի կլթկլթում: Մաքուր, առանց մրի առաստաղն արդեն ճնշում է ու լալիս վառարանի կարոտը:
Արդեն որերորդ կոշիկը ավելացավ իմ պահարանում, որոնք երբեք չեմ հագնում, որ չպոկվեն, չբացեն բերանն ու չծաղրեն իմ խեղճ ոտքերին…

Վայ, մայրիկ ջան, տես…

среда, 1 сентября 2010 г.

Հառաչանք

Ճռռռռ….
Հին պահարանի դուռն է, դժվարությամբ է թողնում իր դիրքերը…
Այսօր արդեն չեմ հիշում թե որ առավոտն է, ես ծածկում եմ նրա ոսկորները: Ինչպես միշտ արդեն ինձ հետ նոր որոշում է մի նոր բան ուտել` վերջին կտորն անպայման քսելով թևքերին…
Էհհհ…
Մենք դուրս գանք…սա իմ սիրած պահն է, երբ պահարանում խունացած մեջքս սկսում է տաքանալ: Դե հո նույն ջահելը չեմ, գույնս գցել եմ, կոճակներս հազար անգամ արդեն փոխել…
Միայն ոչ այստեղ, խնդրում եմ, մի նստիր, ախր ես… ամեն օր խնդրում եմ չնստի…ում ես խնդրում…
Մեզ այդպես մի նայիր.. մի ժամանակ կին ունեինք.ես մաքուր էի, նա` երջանիկ, հիմա նվագում է այս փոսում…ինչ եք ասում սրան… գետնանցում
Գալիս-անցնում եք` ինձ` երաժշտական կեղտոտ էակիս ոչինչի տեղ դնելով…
-Օրիո’րդ, ինչ կլիներ, մի ժպիտ…չէր լինի, հա… ափսոս…
Այնքան ենք նվագել, խեղճի ոսկորները հիմա ցավում են…
Մթնեց…երևի գնում ենք…այսօրվա վաստակը. Մի մետաղադրամ ու կես ժպիտ: Իմ լուսավոր ոսկրակույտը չի էլ բարկանում մի կարգին, բայց նման օրերին մի բոլ քսմսվում ենք պատերին ու երկուսով ավելի գունաթափվում…
Լրիվ մթնեց, իսկ ես էլեկտրական լույսի տակ ավելի կեղտոտ եմ երեվում, արի գնանք….
Ճռռռռ…

суббота, 28 августа 2010 г.

Հայ-պոնտական պայմանագիր


   
      Առաստաղից ջրի կաթիլը ընկավ ուղիղ գլխիս: Մեր հեշտասեր հարևանները նորից մոռացել են փակել իրենց ծորակը:Նրանց տնից կաթիլի հետ մահճակալի անզուսպ ճռճռոց է գալիս (ամեն անգամ իմ նահապետական ընտանիքի անդամները հավաքված ժամանակ լսում են ու կարմրում): Աղմուկ չեմ հանում…ուղղակի կողքի կպառկեմ…գիշերը ուշ եմ քնել… հայ-պոնտական պայմանագիր … չարչարված գիրքը… մի տեսակ կաթնագույն ու գզգզված: Գլխավերևումս կանաչ լուսամփոփի հարցական, տանջված ու խնդրող հայացքը. անջատեիր էլի… հիշեցի: Պայմանագրից հետո գիշերը մոռացել եմ պտտել կոճակը, համ ել համարյա մոռացել եմ հանվել…թաց եմ…


Նոր ու փայլուն էլէկտրական թեյնիկը ձայնը գլուխը գցեց… մայրս է` տատիկի ժառանգություն թողած խալաթով…նայեց ներս: Սենյակս պաշարված քաղաքի է նման: Հրեշտակային ժպիտով քնած քրոջս կողքին իմ կարմիր, հոգնած ու թաց աչքերն են…

_ Քոռանամ ես…

Հիմար ճանճերը երեկվա թիթեռին հիշեցրին … Իմ հիացական հայացքը տեսնելով` անհողդողդ կինը տրորեց նրան, շրջվեց ու ժպտաց յուղալի ու կուշտ ժպիտով…թվաց` հիմա ինձ հետ էլ նույն կերպ կվարվի: Հեռացա հագուստի խանութից..առանց այդ էլ չեմ սիրում հագուստ գնել… ոնց որ ապագայի պլանավորում…

Թեյնիկը ավարտեց իր գործը…ճտտաց… սև, թունդ սուրճը վայրէջք կատարեց ուղիղ գրքիս վրա: Հիստերիկի պես վերցրի ու կողքի դրեցի… դպրոցից մնացած հիմար սովորություն է..ինչ տարբերություն մի երկու կաթիլ սուրճ կկաթա Տիգրան Մեծի վրա, թե չի կաթա, միևնույնն է, նա բռնակալ է, կամ էլ աշխարհակալ…ինչ տարբերություն…

Պատուհանագոգիս Մարկեսն ու Սարոյանի նոր գնած հատորները փակում են արևի լույսը, չնայած…

Մայրս ու քույրս սկսեցին խոսել վաղվա խնջույքի մասին…երազս հիշեցի…չպատմեմ, որ չտխրեք…

Ամեն անգամ արթնանալիս, ոտքերս մահճակալից կախում եմ գետնին ու հիմարի պես ուրախանում… արդեն միանգամից գետնին են հասնում…բոյովացել եմ…

Աչքերս ճպճպացնելով հագա իմ ամենասիրած շորը, որ բացի ինձնից ոչ ոքի դուր չի գալիս ու ոտքերիս տակ է ընկնում…կախեցի մեծ վզնոցս…հայրս քնի մեջ նայելլով ինձ.

_ էդ շխկշխկան կաստրունկեն ուր ես կախում վզիցդ…

Սովորել եմ արդեն…ժպտում եմ…

Ականջակալներիս մեջ Կոմիտասի ձայնը սկսեց բացել տրամադրությունս: Բարիկադներս թողնելով դուրս եկա տնից: Մեր հարևան տատին (ամբողջ շենքը նրան տատի է ասում, շատերը անունը չգիտեն) քստքստալով մուտքն է մաքրում: Տաթևի բառբառով ու ջահել ժամանակների փայլը չպահպանած հետաքրքրասեր հայացքով սկսեց հարցուփորձ անել

_ Պիաաաա, հինչ շյուդ ես զարթնալ, շտեղ ես քնյում….

Ուշադիր նայում է հագուստիս, զգում եմ `բան է ուզում ասել, բայց կցկտուր երկու բառով դուրս եմ պրծնում փողոց…

…շատ բութ հայացքներ… սև, կապույտ, շագանակագույն…ինչ տարբերություն… կարևորը բութ...

Համարյա երբեք չչորացող կեղտաջրափոսի մեջ նայում եմ ինձ, չեմ գնահատում գեղեցիկ եմ թե չէ… նոր ծաղկած ծառից մի փոքրիկ ծաղիկ մտցնում եմ չսանրած խոպոպներիս մեջ ու մոռանում սիրուն եմ թե չէ…

Կապույտ տրամադրությամբ մտա երթուղային… մայրը, հայրը ու նրանց լկտի հայացքով տղան…երեքն ել ծամոն են ծամում… ծամողների ընտանիք…մի պահ գլուխների փոխարեն մեծ շրթունքներ սկսեցի տեսնել…ճպճպոց…վարորդը միացրեց երաժշտությունը ու լկտի հայացքը իր վրա կրող գանգատուփը սկսեց հաճույքից տարուբերվել…

Կոմիտասը էլ չի երգում…մարտկոցը նստեց…

Դուռը բացեցին ու եզդիերեն խոսող ամուսինները իրենց մածունի ամանները խցկեցին ոտքերիս տակ... ոտքերս մնացին օդում, իսկ նրանք երևի հայերեն չգիտեն: Բացառիկ տգեղ կնոջ կրծքին երեխա էլ կա…սիրուն աչուկներով…

Նոր կովահոտ հյուրերի պատվին երաժշտության ձայնը բարձրացավ… բոլոր ուղևորները հասցրին մի լավ չափել ու տրորել շորիս փեշերը…իջա…

Լուռ ու գաղջ ընթերցասրահ… մթագնած ուղեղներով ընկերներս…նստեցի սեղանին, հանեցի գզգզված ու սուրճոտ գիրքը … աչքերս կուլ են գնում… հայ- պոնտական… հայ-պոնտա… հայ-պոն… հայ-…

Երազս կրկնվեց, բայց չեմ պատմի, որ չտխրեք….

пятница, 27 августа 2010 г.

Ծաղկի սերմեր գողացող լրագրողը



Ձեռքիս մեջ պինդ սեղմած հեռախոսը սկսեց թպրտալ: Հին է ու չարչարված: Աչքերս մի կերպ բացեցի ու ամոթից չեմ ուզւոմ նայել իմ խեղճ լուսամփոփին… էլի ողջ գիշեր միացված է մնացել: Հին, թոշակի անցած հեռախոսը բացեց հաղորդագրությունը. Hargeli bajanord…ծերությունից նվվացող հեռախոսը ամբողջ ուժով շպրտվեց գետնին ու թնկթնկաց… իսկ ես ուրիշ բան էի սպասում:


Ականջիս մեջ սկսեց զրնգալ ինչ-որ տեղ լսած խոսքերը. “զգույշ չսկսես զանգից զանգ ապրել”… զզվում եմ բոլորիցդ… Աստվածաշունչը հարցական նայում է… էս պահերին ջղայինանում եմ բարեպաշտությունից:

Մինչև աչքերիս պարկերը տրորելով գլուխս կբարձրացնեի մայրս ներս մտավ.

_ Գիտես ժամը քանիսն է… վերջերս շատ ես քնում, դրա համար էլ ամբողջ օրը հոգնած ես:

_ Գիտեմ, գիտեմ, որ ժամը տասն է, գիտեմ, որ ծաղիկները չեմ ջրել, որ բոլորիցդ ուշ եմ քնում ու ուշ արթնանում … լավ եմ անում ,- կոկորդով մեկ գոռացի հեռացող մորս հետևից:

Թիթեռները լցվեցին իմ կապույտ ուղեղի մեջ:

Ոտաբոբիկ լինելուց ճաքճքած ոտքերս սկսեցի տանել աջ ու ձախ ամբողջ սենյակով, նայել հայելու մեջ ու կատաղել սեփական տգեղությունից:

Իրերս լցրի իմ մեծ ու անհարմար պայուսակը ու գյուղի տնից բերած հին տախտակներով սարքած աստիճանը ինձ շպրտեց ներքև:

Կանգառում մի փոքրիկ տղա հատիկով սիգարետ ու ծամոն է վաճառում: Ամեն օր բարևում եմ առանց անունն իմանալու:

_ Ուր ես գնում ամեն օր առավոտ շուտ:

Ուզում էի ասել, որ ինձ համար կարևոր չի, որ խեղդվում եմ, բայց…

_ Աշխատանքի:

_ Հաաա…, վարսավիր ես?

_Չէ, լրագրող եմ

_Հաաա, ես էլ դերասան եմ դառնալու, մաման ա ասել: Որ դառնամ, ինձ էլ կքցես հեռուստացույցի մեջ:

_ Անպայման,- ժպտացի ես:

_ Հա: Ծամոն կուզես…ձրի:

Ասեցի, որ ծամոն չեմ ծամում ու նստեցի երթուղային:

Գերեզմանների կողքով անցնելիս հեռախոսս հիշեցի. Մոռացել էի տանը` հոգեվարքի մեջ :

Հատուկ հրապարակով որոշեցի գնալ, որ ժամն էլ նայեմ, չեմ ուզում ոչ մեկի հետ խոսքի բռնվել:

Ծաղիկներն արդեն թառամում են, սառը աշուն կա օդում: Մի քանի օր առաջ քայլում էինք նույն փողոցով ես ու մայրիկը: Նայեց ծաղիկներին , հիշեց, որ դրանք մեզ մոտ ավելի լավ կաճեին, ունքերը բարձրացրեց ու գլուխն իջեցրեց:Ամաչել էր սերմեր խնդրել: Հաստատ կզգա, որ սիրում եմ իրեն , որ մտածում եմ իր մասին , եթե մի քանիսը վերցնեմ: Կռացա: Ու մի կին լիքը կրծքերով, երկար, փարթամ ցախավելով ու հաստ հետույքով սկսեց գոռգռլ ու աղմկել, մերդիկ լցվեցին շուրջս, հետաքրքիր նայում էին ու մասնակցում կնոջ բողոքին: Վաղը նրանք իմ ռեպորտաժը տեսնելիս կկնքեն.”ծաղկի սերմեր գողացող լրագրողը”:

Ուզում եմ փակել աչքերս ու գոռալ, աղմկել նրանցից բարձր, ամբողջ աշխարհից բարձր, խլացնել բոլորին, լողացնել հաստաքամակ կնոջը ծաղիկի սերմերով ու թռչել իմ թիթեռների պես:

Մարդիկ ցրվեցին:Սերմերը թափվել էին…ափսոս…կինը սպառնալից ու հաղթական նայեց ու կոլեգաների հիացական հայացքների տակ ինձ դարձրեց մեջքը:

… Սենց կարկտահարված օֆիս չեմ գնա, երևի հեռախոսս էլ զանգում ա: Շատրվաններից մի բուռ ջուր լցրի վրաս, հանեցի անտանելի կոշիկներս ու քայլեցի…

Ու ոչինչ, որ փոքրիկ տղան ինձ վարսավիրի ա նմանեցնում ու արդեն կաշառում ա, ոչինչ, որ մարդիկ ինձ ծաղիկի սերմերի չափ չսիրեցին, ոչինչ…

Հիմա քայլում եմ, ամեն բջիջով զգում մոլորակը ու սիրում….