суббота, 23 октября 2010 г.

Կաթիլի ու ականջների մասին

    Թաց կավի հոտ: Մերկությունը մի կերպ ծածկող վարդագույն  շորը  արդեն վաղուց վարդագույն չէ: հողե աղջիկ:Փլված արվեստանոց: Տուն:
Ծորակի ջուրը  լավ չի փակել: Կաթիլը դանդաղ, ամոթխած դուրս է նայում, ամուսնու դեմքը երկարում է, քիթն ու ականջները ձգվում- մեծանում են:
Կաթ…
Երկար ականջները ընկան կեղտոտ գդալին ,  հետո սահեցին չլվացված ամաններին   ու կորան անթիվ բաժակների  մեջ: Իսկ նա դեռ գոռում է , չգիտի, որ ամանջներն այդքան երկար են, որ երեխաներն արդեն քնել են, որո վառարանում փայտ չկա, որ կեղտոտ ամաններն արդեն չորանում են:
Մի ուրիշ կաթիլ: Հետո մյուսը: Մոխրագույն բառեր: Քնած երեխաների աղմուկ: Հայելին կոտրվեց:Փոքրիկ ոտքերը հագան  ծաղկավոր կոշիկները: Բեղավոր ամուսնու աղմուկ: Ամեն անգամ կգոռա, ինքը կհեռանա, հետո կլացեն ինքը փողոցում, ամուսինը տանը…կրկնվող, ամենօրյա կաթիլ է: Փոքրիկ ձեռքի երակներն արդեն տեսանելի  են թափանցիկ մաշկի տակից, երեկվա ընկույզի, կոտրած օղու շշի, բեղավորի թողած կապտուկների հետքերը կաթիլի մեջ ավելի սարսափելի են, միգուցե գդալները հասկանան: Փոքրիկ, ակպույտ երեխաները մնացին աղմուկի մեջ: Կոտրված անձրևանոցն ու մաշված կոշիկները լքեցին բեղավորին:
Քանդված կտորներից անձրևը լցվում է կապույտների վրա: Հեռագրասյուներն ավելի են երկարում, մեքենաների լույսերը պղտորվում  ու խառնվում են տանիքներին: Մեծ աչքերի մեծ կաթիլները չլվացված գդալներ են փնտրում: Անձրևանոցի մի թևը պոկված է, պատից լիմոնի հյութ է  հոսում ու գրգռում հոտառությունը, մրջունները կծմծում են  քթարմատը: Ձեռքերը  ջղաձգվում են. կավի կարիք ունեն, փոքրիկ մատները  սկսում են հունցել ծիրանագույն ցեխը, մոռանալ  բեղերը, կեղտոտ գդալները: Կապույտ ճկույթներ, փոքրիկ  նորածին, դեռ կաթոտ կնճիռներ…
_ Ես էլ իմացա թե ես քեզ կորցրել եմ
Երկու թաց ձիթապտուղ տեսավ փոքրիկ ձեռքերը` մի վառարան ցախով լի:

пятница, 1 октября 2010 г.

Թավջութակ

Վիլյամ Սարոյանին էին լվանում: Մի գիրուկ կին  ջրի  շիթը պահել էր ուղիղ նրա դեմքին: Հետո հանգամանորեն իջավ մինչև կոշիկների ծայրը:
Նա կանգնած է դեմ դիմաց: Նա` արտսովոր քթով, տարօրինակ հին  կոշիկներով ու դեմքի մի այնպիսի  արտահայտությամբ, որ  երեխաների  ուշադրությունն է գրավում: Ուսին ամբողջ շուքով փռվել է տիրական թավջութակը: Այդ արքայական  գործիքը ափսոսում է նվագել  անցորդներից մուրալու համար: Կանգնել է…քայլում է…տուն…մի տուն լիքը երեխա ու թավջութակ…բազմոցին փռված հայր…մի բանակ բարեկամներ: Փակվում է սենյակում, ամբողջ կրքով համբուրում , շնչում ու արտաշնչում գործիքը
_փող բերել ես ,- հայրն է
_չէ
_բա էդ փետի կտորը ինչի էիր հետդ տարել
Երեսունվեց ականջ ածիլու պես սրված սպասում էր ու երեսունչորս աչք / հորեղբայրը կույր էր/ նայում էր սենյակի դռանը…հեծկլտոց…թավջութակի թագավորական նվվոց…
Ընկույզի փայտից պատրաստված գործիքը սեր էր բուրում ու արտասովոր քթով  ստվերը խենթանում  էր այդ սիրուց…
Բռնակն իջավ ու կոշիկները հանեցին նրան խցից:
Անատամ տատի միս ուտելու ճպճպոցը ցրում էր հասուն թարախապալար հիշեցնող լռությունը
_հիմար քեռի ես…
                                                    ***
Նրա փեշը նազանքով վերցնում  էր գետնից փոշին ու լցնում բաց ոտքերին: Մեջքը համաչափ շարժելով, հացի տոպրակն ուսին  գնում էր: Արցունքը գլորվելով ընկավ քաղաքի փոշու վրա: Ոտքերը ցեխոտվեցին: Նրանից խակ ընկույզ էր բուրում:
                                                          ***

Հիմար քեռին  ամեն օր այգում պաշտում էր ամեն  մի լարը, քիթը իջեցնում, որ անցորդները գումար չտային, ու երեսունվեց ականջ ամեն օր լսում էր. չէ
_Գնա գործարան, կոշիկ կկարես
_Թավջութակս
_Գրողի ծոցը  էդ փետի կտորը, կոշիկ կկարես
_Հայրիկ, խնդրում եմ
_վերջացրինք..
Գիշերը ընկույզի հոտը արցունքի  խոնավությունից խեղդելու չափ լցրել էր խուցը
Դուռը բացվեց: մեծ փոր, հետո միս կտրելու կացին…մի ալարկոտ հարված ու սիրելիի ճրթոցից վեր թռավ…
Կոշիկի գործարան…սոսինձի ընկույզին հակառակ հոտ ու սևացած, երկար մատներ:
Մեծ բակում նրա քայլվածքի առանց ռիթմի թրխկոցը բոլորը ճանաչում են:Սոսնձոտ մատներով ստվերը առաջ է գնում:
….Արքայական գործիքը ամբողջ շուքով փշուր-փշուր է եղել բակով մեկ: Փայտի կտորներից մեկի վրա` երեկվա հետքերը
                                              ***
 Ուսից կախ հացի տոպրակը ռիթմիկ խփելով մեջքից շատ լայն կոնքերին, փոշը համբերատար հավաքում է քաղաքի փոշին  ու շաղ տալիս ոտքերին:
Խակ ընկույզի բույր…խոր ընկած աչքերը կարոտով ու քնքշությամբ թեքվեցին…թավջութակը` հացի տոպրակն ուսին ու երկար փեշով…