Վիլյամ Սարոյանին էին լվանում: Մի գիրուկ կին ջրի շիթը պահել էր ուղիղ նրա դեմքին: Հետո հանգամանորեն իջավ մինչև կոշիկների ծայրը:
Նա կանգնած է դեմ դիմաց: Նա` արտսովոր քթով, տարօրինակ հին կոշիկներով ու դեմքի մի այնպիսի արտահայտությամբ, որ երեխաների ուշադրությունն է գրավում: Ուսին ամբողջ շուքով փռվել է տիրական թավջութակը: Այդ արքայական գործիքը ափսոսում է նվագել անցորդներից մուրալու համար: Կանգնել է…քայլում է…տուն…մի տուն լիքը երեխա ու թավջութակ…բազմոցին փռված հայր…մի բանակ բարեկամներ: Փակվում է սենյակում, ամբողջ կրքով համբուրում , շնչում ու արտաշնչում գործիքը
_փող բերել ես ,- հայրն է
_չէ
_բա էդ փետի կտորը ինչի էիր հետդ տարել
Երեսունվեց ականջ ածիլու պես սրված սպասում էր ու երեսունչորս աչք / հորեղբայրը կույր էր/ նայում էր սենյակի դռանը…հեծկլտոց…թավջութակի թագավորական նվվոց…
Ընկույզի փայտից պատրաստված գործիքը սեր էր բուրում ու արտասովոր քթով ստվերը խենթանում էր այդ սիրուց…
Բռնակն իջավ ու կոշիկները հանեցին նրան խցից:
Անատամ տատի միս ուտելու ճպճպոցը ցրում էր հասուն թարախապալար հիշեցնող լռությունը
_հիմար քեռի ես…
***
Նրա փեշը նազանքով վերցնում էր գետնից փոշին ու լցնում բաց ոտքերին: Մեջքը համաչափ շարժելով, հացի տոպրակն ուսին գնում էր: Արցունքը գլորվելով ընկավ քաղաքի փոշու վրա: Ոտքերը ցեխոտվեցին: Նրանից խակ ընկույզ էր բուրում:
***
Հիմար քեռին ամեն օր այգում պաշտում էր ամեն մի լարը, քիթը իջեցնում, որ անցորդները գումար չտային, ու երեսունվեց ականջ ամեն օր լսում էր. չէ
_Գնա գործարան, կոշիկ կկարես
_Թավջութակս
_Գրողի ծոցը էդ փետի կտորը, կոշիկ կկարես
_Հայրիկ, խնդրում եմ
_վերջացրինք..
Գիշերը ընկույզի հոտը արցունքի խոնավությունից խեղդելու չափ լցրել էր խուցը
Դուռը բացվեց: մեծ փոր, հետո միս կտրելու կացին…մի ալարկոտ հարված ու սիրելիի ճրթոցից վեր թռավ…
Կոշիկի գործարան…սոսինձի ընկույզին հակառակ հոտ ու սևացած, երկար մատներ:
Մեծ բակում նրա քայլվածքի առանց ռիթմի թրխկոցը բոլորը ճանաչում են:Սոսնձոտ մատներով ստվերը առաջ է գնում:
….Արքայական գործիքը ամբողջ շուքով փշուր-փշուր է եղել բակով մեկ: Փայտի կտորներից մեկի վրա` երեկվա հետքերը
***
Ուսից կախ հացի տոպրակը ռիթմիկ խփելով մեջքից շատ լայն կոնքերին, փոշը համբերատար հավաքում է քաղաքի փոշին ու շաղ տալիս ոտքերին:
Խակ ընկույզի բույր…խոր ընկած աչքերը կարոտով ու քնքշությամբ թեքվեցին…թավջութակը` հացի տոպրակն ուսին ու երկար փեշով…
Комментариев нет:
Отправить комментарий