Պատուհանից ամպերի կույտ է երևում:
Վայ, մայրիկ ջան, տես,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ թիթեռ է գալիս…
Կարմիր կոշիկներ: Աջի վրա զարդ /ձախինը պոկվել է/: Կոշիկի մեջ սեփական տուփից խնամքով կտրված ստվարաթղթեր, որոնք արդեն խոնավ են: Բերանը բաց ու կնճռոտ: Մութ սենյակում թվում է, թե ծիծաղում է իմ խեղճ ոտքերի վրա:
Վայ մայրիկ ջան…
Դուռը շրխկաց, վազեցի համբուրելու: Ծակծկող համբույրից հետո տխուր ու հուսահատ, խորքում մի քիչ խոնավ աչքերը իջան… կոշիկի դարակից հնազանդ շնիկի պես հողաթափերը հանեցի, կարմիր ու անզարդ ժպտացի ու նորից …
Մի տեսակ վախենում եմ իմ կոշիկի համար, խորքում խոնավ աչքերի համար, անյուղ ճաշերի ու վառարանին դրված կաթսայի համար: Վառարանին, որի վրա ամեն օր երկար արարողության նման հալեցնում եմ անցյալ տարիներից հավաքված շոկոլադի թղթերը: Ամեն օր տարբեր: Ամեն օր մի հատ: “Սկյուռիկինը” կապույտ բոցով վառվեց, “щкольник”-ը կծկվեց ու չորացավ: Երկար մտածում եմ ամեն մեկի վախճանն առանձին հիշելով:
Իսկ դպրոցում արհեստական արագ քայլվածքով ու թաքցրած ձեռքերով մեկուսացած գերազանցիկ: Ում են պետք շոկոլադի թղթերով փաթաթված երազներդ, երբ ձախ կոշիկիդ զարդը չկա:
_Կոշիկդ պոկված ա…
_ Վայ, իսկապես, նոր նկատեցի,- ստեցի ես ու հիշեցի անաշխատավարձ աչքերը ու ու ամաչեցի ստելուս ու ամաչելուս համար
Աստղերը տեղափոխվում ու նոր կոշիկի ձև են ստանում: Աչքերս չեն փակվում. Վաղը կոշիկ ենք առնելու: Սենց օրերին տունը հրճվանք է ու կաթսան ավելի եռանդով է կլթկլթում, ճաշն ավելի կարմիր էր ու առատորեն… տաքացրած:
Ափսոսում եմ իմ խեղճ “կիսազարդավորների” համար ու ժպտում հաճույքից: Հիշում եմ անցած-գնացած կոշիկներս, շնորհակալ ժպիտով ուղեկցում նրանց ուղեղիցս ու թողնում միայն նորի երազը:
Առավոտը` նոր կոշիկ , որոնք ես սիրեցի նախորդ կարմիրից շատ, որովհետև ստիպված չէի զգույշ, դողալով, բայց արագ քայլել:
Վաճառողուհու տաք փափուճներով աղջիկը գաթա էր ուտում ու տիրաբար նայում դեռ չգնած կոշիկիս: Իսկ ես ամեն անգամ ուրախությունից չեմ նկատում, որ կոշիկը փոքր է:
***
Բանկոմատից փողը դուրս ցատկեց ու ստիպեց նորից հիշել նոր կոշիկ առնելու մասին:
Հրճվանքից ձեռքերս դողում են, հուզմունքից աչքերս խոնավանում : Այլևս զարդով կոշիկ չեմ գնում, որ չպոկվեն: Թանկ գորովանքով ծանրութեթև եմ անում ամեն կարը ու խնամքով տեղը դնում: Նույն գաթայոտ աչքերը զուսպ հետևում են: Ընտրեցի, հագա, մանկական հրճվանքով քայլեցի սրահով մեկ ու վճարեցի:
Տանը կլթկլթան կաթսայի պակաս կա: Թանկարժեք գազօջախի վրա իմ ոչ մի կաթսա ճիշտ չի կլթկլթում: Մաքուր, առանց մրի առաստաղն արդեն ճնշում է ու լալիս վառարանի կարոտը:
Արդեն որերորդ կոշիկը ավելացավ իմ պահարանում, որոնք երբեք չեմ հագնում, որ չպոկվեն, չբացեն բերանն ու չծաղրեն իմ խեղճ ոտքերին…
Վայ, մայրիկ ջան, տես…
Комментариев нет:
Отправить комментарий