суббота, 28 августа 2010 г.
Հայ-պոնտական պայմանագիր
Առաստաղից ջրի կաթիլը ընկավ ուղիղ գլխիս: Մեր հեշտասեր հարևանները նորից մոռացել են փակել իրենց ծորակը:Նրանց տնից կաթիլի հետ մահճակալի անզուսպ ճռճռոց է գալիս (ամեն անգամ իմ նահապետական ընտանիքի անդամները հավաքված ժամանակ լսում են ու կարմրում): Աղմուկ չեմ հանում…ուղղակի կողքի կպառկեմ…գիշերը ուշ եմ քնել… հայ-պոնտական պայմանագիր … չարչարված գիրքը… մի տեսակ կաթնագույն ու գզգզված: Գլխավերևումս կանաչ լուսամփոփի հարցական, տանջված ու խնդրող հայացքը. անջատեիր էլի… հիշեցի: Պայմանագրից հետո գիշերը մոռացել եմ պտտել կոճակը, համ ել համարյա մոռացել եմ հանվել…թաց եմ…
Նոր ու փայլուն էլէկտրական թեյնիկը ձայնը գլուխը գցեց… մայրս է` տատիկի ժառանգություն թողած խալաթով…նայեց ներս: Սենյակս պաշարված քաղաքի է նման: Հրեշտակային ժպիտով քնած քրոջս կողքին իմ կարմիր, հոգնած ու թաց աչքերն են…
_ Քոռանամ ես…
Հիմար ճանճերը երեկվա թիթեռին հիշեցրին … Իմ հիացական հայացքը տեսնելով` անհողդողդ կինը տրորեց նրան, շրջվեց ու ժպտաց յուղալի ու կուշտ ժպիտով…թվաց` հիմա ինձ հետ էլ նույն կերպ կվարվի: Հեռացա հագուստի խանութից..առանց այդ էլ չեմ սիրում հագուստ գնել… ոնց որ ապագայի պլանավորում…
Թեյնիկը ավարտեց իր գործը…ճտտաց… սև, թունդ սուրճը վայրէջք կատարեց ուղիղ գրքիս վրա: Հիստերիկի պես վերցրի ու կողքի դրեցի… դպրոցից մնացած հիմար սովորություն է..ինչ տարբերություն մի երկու կաթիլ սուրճ կկաթա Տիգրան Մեծի վրա, թե չի կաթա, միևնույնն է, նա բռնակալ է, կամ էլ աշխարհակալ…ինչ տարբերություն…
Պատուհանագոգիս Մարկեսն ու Սարոյանի նոր գնած հատորները փակում են արևի լույսը, չնայած…
Մայրս ու քույրս սկսեցին խոսել վաղվա խնջույքի մասին…երազս հիշեցի…չպատմեմ, որ չտխրեք…
Ամեն անգամ արթնանալիս, ոտքերս մահճակալից կախում եմ գետնին ու հիմարի պես ուրախանում… արդեն միանգամից գետնին են հասնում…բոյովացել եմ…
Աչքերս ճպճպացնելով հագա իմ ամենասիրած շորը, որ բացի ինձնից ոչ ոքի դուր չի գալիս ու ոտքերիս տակ է ընկնում…կախեցի մեծ վզնոցս…հայրս քնի մեջ նայելլով ինձ.
_ էդ շխկշխկան կաստրունկեն ուր ես կախում վզիցդ…
Սովորել եմ արդեն…ժպտում եմ…
Ականջակալներիս մեջ Կոմիտասի ձայնը սկսեց բացել տրամադրությունս: Բարիկադներս թողնելով դուրս եկա տնից: Մեր հարևան տատին (ամբողջ շենքը նրան տատի է ասում, շատերը անունը չգիտեն) քստքստալով մուտքն է մաքրում: Տաթևի բառբառով ու ջահել ժամանակների փայլը չպահպանած հետաքրքրասեր հայացքով սկսեց հարցուփորձ անել
_ Պիաաաա, հինչ շյուդ ես զարթնալ, շտեղ ես քնյում….
Ուշադիր նայում է հագուստիս, զգում եմ `բան է ուզում ասել, բայց կցկտուր երկու բառով դուրս եմ պրծնում փողոց…
…շատ բութ հայացքներ… սև, կապույտ, շագանակագույն…ինչ տարբերություն… կարևորը բութ...
Համարյա երբեք չչորացող կեղտաջրափոսի մեջ նայում եմ ինձ, չեմ գնահատում գեղեցիկ եմ թե չէ… նոր ծաղկած ծառից մի փոքրիկ ծաղիկ մտցնում եմ չսանրած խոպոպներիս մեջ ու մոռանում սիրուն եմ թե չէ…
Կապույտ տրամադրությամբ մտա երթուղային… մայրը, հայրը ու նրանց լկտի հայացքով տղան…երեքն ել ծամոն են ծամում… ծամողների ընտանիք…մի պահ գլուխների փոխարեն մեծ շրթունքներ սկսեցի տեսնել…ճպճպոց…վարորդը միացրեց երաժշտությունը ու լկտի հայացքը իր վրա կրող գանգատուփը սկսեց հաճույքից տարուբերվել…
Կոմիտասը էլ չի երգում…մարտկոցը նստեց…
Դուռը բացեցին ու եզդիերեն խոսող ամուսինները իրենց մածունի ամանները խցկեցին ոտքերիս տակ... ոտքերս մնացին օդում, իսկ նրանք երևի հայերեն չգիտեն: Բացառիկ տգեղ կնոջ կրծքին երեխա էլ կա…սիրուն աչուկներով…
Նոր կովահոտ հյուրերի պատվին երաժշտության ձայնը բարձրացավ… բոլոր ուղևորները հասցրին մի լավ չափել ու տրորել շորիս փեշերը…իջա…
Լուռ ու գաղջ ընթերցասրահ… մթագնած ուղեղներով ընկերներս…նստեցի սեղանին, հանեցի գզգզված ու սուրճոտ գիրքը … աչքերս կուլ են գնում… հայ- պոնտական… հայ-պոնտա… հայ-պոն… հայ-…
Երազս կրկնվեց, բայց չեմ պատմի, որ չտխրեք….
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий