Ձեռքիս մեջ պինդ սեղմած հեռախոսը սկսեց թպրտալ: Հին է ու չարչարված: Աչքերս մի կերպ բացեցի ու ամոթից չեմ ուզւոմ նայել իմ խեղճ լուսամփոփին… էլի ողջ գիշեր միացված է մնացել: Հին, թոշակի անցած հեռախոսը բացեց հաղորդագրությունը. Hargeli bajanord…ծերությունից նվվացող հեռախոսը ամբողջ ուժով շպրտվեց գետնին ու թնկթնկաց… իսկ ես ուրիշ բան էի սպասում:
Ականջիս մեջ սկսեց զրնգալ ինչ-որ տեղ լսած խոսքերը. “զգույշ չսկսես զանգից զանգ ապրել”… զզվում եմ բոլորիցդ… Աստվածաշունչը հարցական նայում է… էս պահերին ջղայինանում եմ բարեպաշտությունից:
Մինչև աչքերիս պարկերը տրորելով գլուխս կբարձրացնեի մայրս ներս մտավ.
_ Գիտես ժամը քանիսն է… վերջերս շատ ես քնում, դրա համար էլ ամբողջ օրը հոգնած ես:
_ Գիտեմ, գիտեմ, որ ժամը տասն է, գիտեմ, որ ծաղիկները չեմ ջրել, որ բոլորիցդ ուշ եմ քնում ու ուշ արթնանում … լավ եմ անում ,- կոկորդով մեկ գոռացի հեռացող մորս հետևից:
Թիթեռները լցվեցին իմ կապույտ ուղեղի մեջ:
Ոտաբոբիկ լինելուց ճաքճքած ոտքերս սկսեցի տանել աջ ու ձախ ամբողջ սենյակով, նայել հայելու մեջ ու կատաղել սեփական տգեղությունից:
Իրերս լցրի իմ մեծ ու անհարմար պայուսակը ու գյուղի տնից բերած հին տախտակներով սարքած աստիճանը ինձ շպրտեց ներքև:
Կանգառում մի փոքրիկ տղա հատիկով սիգարետ ու ծամոն է վաճառում: Ամեն օր բարևում եմ առանց անունն իմանալու:
_ Ուր ես գնում ամեն օր առավոտ շուտ:
Ուզում էի ասել, որ ինձ համար կարևոր չի, որ խեղդվում եմ, բայց…
_ Աշխատանքի:
_ Հաաա…, վարսավիր ես?
_Չէ, լրագրող եմ
_Հաաա, ես էլ դերասան եմ դառնալու, մաման ա ասել: Որ դառնամ, ինձ էլ կքցես հեռուստացույցի մեջ:
_ Անպայման,- ժպտացի ես:
_ Հա: Ծամոն կուզես…ձրի:
Ասեցի, որ ծամոն չեմ ծամում ու նստեցի երթուղային:
Գերեզմանների կողքով անցնելիս հեռախոսս հիշեցի. Մոռացել էի տանը` հոգեվարքի մեջ :
Հատուկ հրապարակով որոշեցի գնալ, որ ժամն էլ նայեմ, չեմ ուզում ոչ մեկի հետ խոսքի բռնվել:
Ծաղիկներն արդեն թառամում են, սառը աշուն կա օդում: Մի քանի օր առաջ քայլում էինք նույն փողոցով ես ու մայրիկը: Նայեց ծաղիկներին , հիշեց, որ դրանք մեզ մոտ ավելի լավ կաճեին, ունքերը բարձրացրեց ու գլուխն իջեցրեց:Ամաչել էր սերմեր խնդրել: Հաստատ կզգա, որ սիրում եմ իրեն , որ մտածում եմ իր մասին , եթե մի քանիսը վերցնեմ: Կռացա: Ու մի կին լիքը կրծքերով, երկար, փարթամ ցախավելով ու հաստ հետույքով սկսեց գոռգռլ ու աղմկել, մերդիկ լցվեցին շուրջս, հետաքրքիր նայում էին ու մասնակցում կնոջ բողոքին: Վաղը նրանք իմ ռեպորտաժը տեսնելիս կկնքեն.”ծաղկի սերմեր գողացող լրագրողը”:
Ուզում եմ փակել աչքերս ու գոռալ, աղմկել նրանցից բարձր, ամբողջ աշխարհից բարձր, խլացնել բոլորին, լողացնել հաստաքամակ կնոջը ծաղիկի սերմերով ու թռչել իմ թիթեռների պես:
Մարդիկ ցրվեցին:Սերմերը թափվել էին…ափսոս…կինը սպառնալից ու հաղթական նայեց ու կոլեգաների հիացական հայացքների տակ ինձ դարձրեց մեջքը:
… Սենց կարկտահարված օֆիս չեմ գնա, երևի հեռախոսս էլ զանգում ա: Շատրվաններից մի բուռ ջուր լցրի վրաս, հանեցի անտանելի կոշիկներս ու քայլեցի…
Ու ոչինչ, որ փոքրիկ տղան ինձ վարսավիրի ա նմանեցնում ու արդեն կաշառում ա, ոչինչ, որ մարդիկ ինձ ծաղիկի սերմերի չափ չսիրեցին, ոչինչ…
Հիմա քայլում եմ, ամեն բջիջով զգում մոլորակը ու սիրում….

Nare jan,
ОтветитьУдалитьYour writing is very honest and truly engaging! Great job!
-Tigran
Մեկ ա` շատ անուշ ես գրում: Բայց մի քիչ պիտի սիրես քեզ, Նարս: Ես քեզ շատ եմ սիրում!!!
ОтветитьУдалитьՔո ոճն ինձ համար անհասկանալի է, չեմ կարողանում ընդհանուր իմաստն ըմբռնել, երևի պետք էլ չի, բայց ահագին ծիծաղում եմ: Կարևորը` դու ու ես:
ОтветитьУдалитьԽորեն
:))) չգիտեմ, արդյոք գրում եմ որ մարդիկ ծիծաղեն...երևի էդ էդքան էլ տենց չի...բայց շնորհակալ եմ որ կարդում ես...:))
ОтветитьУдалить